Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 5-րդ կետերով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ)՝ ՀՀ-ում Սերբիայի կառավարության և ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ մեկնարկել է «Դիմակայունություն ի սկզբանե» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է ՄԱԶԾ-ի և ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի համագործակցությամբ նոր բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի վերանորոգում Ձորագետ բնակավայրում, որտեղ կմատուցվեն մշակութային, թատերական, արվեստի և կրթական բաղադրիչներ ունեցող արտադպրոցական ծառայություններ։ Բազմաֆունկցիոնալ հանրային տարածքի նախագծային արժեքը կազմում է շուրջ 75․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Ընդ որում, համայնքի կողմից ներդրման չափը կազմում է 10․000․000 (տասը միլիոն) ՀՀ դրամ, իսկ ՄԱԶԾ մասնաբաժինը կկազմի 50․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
ՄԱԶԾ կողմից իրականացվող միջազգային գնումների գործընթացի հայտերի ամփոփման արդյունքում հնարավոր է առաջանա լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտություն համայնքի կողմից։ Նման դեպքերում համայնքի կողմից լրացուցիչ ֆինանսավորման առավելագույն սահմանաչափը կարող է կազմել մինչև 5․000․000 ՀՀ դրամ։
Հաշվի առնելով, որ կարիքների գնահատման և նախնական հաշվարկների փուլը հաջողությամբ ավարտված է, հաջորդ փուլ թևակոխելու համար Փամբակ համայնքի ավագանին որոշում է՝
Տալ հավանություն մինչև սույն թվականի հունիսի 6-ը համայնքի կողմից ՄԱԶԾ-ին փոխանցել համայնքի մասնաբաժինը (10․000․000 ՀՀ դրամ)՝ ըստ ՄԱԶԾ ֆինանսական ընթացակարգերի, գնումների գործընթացը սկսելու նպատակով, ինչպես նաև հետագայում ծրագրի իրականացման ընթացքում առաջացած մինչև 5․000․000 ՀՀ դրամ լրացուցիչ ֆինանսավորման իրականացման ապահովմանը համայնքի բյուջեի միջոցների հաշվին։