ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ
Մարգահովտի հենց սրտում՝ բլրի վրա է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եղեղեցին։ Չնայած նրան, որ եկեղեցու դիմապատի վրա կա գրառում «Շինեալ 1872 ամ»՝ եկեղեցու եռանավ բազիլիկ ոճը, պատերի մեջ տեղադրված 5-րդ դարի քարերը և փոքր խաչքարերը հնէաբաններին ենթադրել են տալիս, որ այն վաղ միջնադարյան կառույց է և, ըստ որոշ աղբյուրների, կառուցվել է 10-րդ դարում։ Եկեղեցին հիմնովին վերակառուցվել է 1872 թվականին։
Այսօր եկեղեցին, կանոնավորապես գործելով, սիրված աղոթատեղի է հավատավոր մարգահովտեցիների համար։
ՍՈՒՐԲ ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ
Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի կենտրոնական մասում է գտվում Վահագնիի Սուրբ Նշան եկեղեցին։ Ըստ բանավոր աղբյուրների՝ եկեղեցին ի սկբանե կոչվել է Սուրբ Նշան, սակայն ոմանք այն անվանում են նաև Սուրբ Սարգիս։ Այն հայտնի է որպես գյուղամիջյան եկեղեցի․ եկեղեցու անվան հետ կապված որևէ պատմական վկայություն չի պահպանվել։
Եկեղեցին կառուցվել է 1806-1807 թվականներին, իսկ զանգակատունը՝ ավելի ուշ՝ 1836 թվականին։ Որպես եկեղեցի գործել է մինչև 1929 թվականը և ավերվել է 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժի ժամանակ։ Եկեղեցին վերականգնելու մի քանի փորձ արվել է, սակայն իրականացվել են միայն բարեկարգման աշխատանքներ:
>
ԳԱԲՐԻԵԼ-ՄՈՒՔԵԼ ՄԱՏՈՒՌ
Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրի Գաբրիել-Մուքել բարձունքի վրա է գտնվում Սուրբ Գաբրիել-Մուքել մատուռը։ Ներկայիս մատուռը և զանգակատունը կառուցվել են 2018 թվականին՝ Վարդանյան ընտանիքի բարերարությամբ։ Մատուռի տարածքում պահպանվել է նաև հին ուխտատեղին, որը կառուցվել է ավելի վաղ՝ 1918 թվականին՝ հայրենի գյուղի պաշտպանության ժամանակ հերոսաբար զոհված Գաբրիել և մուքել եղբայրների հիշատակին։
Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրում է գտնվում Սուրբ Հովհաննես բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է միջին դարերում և վերակառուցվել՝ 1868 թվականին։ Եկեղեցուն կից գործել է նաև ակումբ, գրադարան, ինչպես նաև՝ ծխական դպրոց։ Եկեղեցին ունեցել է մեծ գմբեթ, սակայն ԽՍՀՄ-ի տարիներին գմբեթը իջեցվել է, իսկ եկեղեցին վերածվել է պահեստի։ Եկեղեցու տարածքում եղել է հնամենի գերեզմանոց, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել եկեղեցու անվանի սպասավորները։
1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով հնամյա եկեղեցու պատերը խարխլվել են․ այն այժմ գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցու բակում տեղադրված է խաչքար՝ նվիրված 1918 թվականի մայիսին թուրք հրոսակների դեմ քաջաբար կռված հաջիղարացիների (լեռնապատցիների) հիշատակին։
ԶԱՄԱՆԼՈՒԻ ԿԱՄՈՒՐՋ
19-րդ դարի ինժեներական մտքի հրաշքներից է Զամանլուի (Շահալիի) կամուրջը, որը կառուցված է Փամբակ գետի ձախակողմյան վտակ Զամանլու (այժմ՝ Վահագնի) գետակի վրա՝ գեղատեսիլ կիրճում։ Այն ժամանակին տարածաշրջանում կառուցված ամենամեծ եռաթռիչք երկաթյա կամուրջն էր՝ 256մ երկարությամբ, 26մ բարձրությամբ, և սերունդների հիշողության մեջ մնացել է որպես արտասովոր, ապշեցնող երևույթ։
Կառուցվել է 19-րդ դարի վերջին՝ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթուղու կառուցման ժամանակ։ Կամրջի՝ 592 տոննա կշռող մետաղական կոնստրուկցիաների վրայով անցնում է երկաթուղին։
Կամուրջը շահագործման է հանձնվել 1898թ և գրեթե անխափան փոփխադրումներ է իրականացրել մոտ երկու հարյուրամյակ։
2010-2012 թվականների ընթացքում Զամանլուի կամրջի վերանորոգման աշխատանքներն իրականացվել են «Կամուրջշին» ընկերության կողմից։ 2012թ․ ապրիլի 21-ին հին կամրջի կողքին շահագործման հանձնվեց նոր կամուրջը, իսկ հին կամուրջը թանգարանի կարգավիճակ ստացավ։
ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ
ՔԻՐ ՈՒ ԱԽՊԵՐ ԱՄՐՈՑ
«Քիր ու ախպեր» ամրոցը («Աղջիկ-տղի» բերդ, «Քույր-եղբոր» բերդ) գտնվում է Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում և ընդգրկված է Ձորագյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
«Քիր ու ախպեր» ամրոցը տեղակայված է Ձորագյուղ բնակավայրից հյուսիս՝ Ձորագետի էլեկտրակայանի մոտ՝ Ձորագետի աջ և ձախ ափերին՝ 2 ժայռերի կատարների վրա։ Թեև ամրոցի կառուցումը թվագրվում է 10-13-րդ դարեր, սակայն որպես դիտակետ-ամրոց ծառայել է դեռևս հնագույն ժամանակներից։ Ամրոցի տարածքից հսկվել են կիրճի եզրերով անցնող ճանապարհներն ու գետը։ Ներկայումս պահպանվել են միայն ամրոցի ավերակները․ ժայռերի վրա երևում են բերդապարսպի շարվածքի մնացորդներ։ Ամրոցի տեղանքը, ցավոք, բավականաչափ ուսումնասիրված չէ։
Ամրոցի անվանման հետ կապված կա մի ավանդազրույց, որը պատմում է իշխանական ծագում ունեցող երիտասարդի և նրա քրոջ մասին, ովքեր իրենց ռազմական կարողությունները ստուգելու համար ժայռերի բարձր գագաթներին կառուցել են ամրոցներ և մենամարտել իրար հետ՝ ցուցադրելով զենքերի օգտագործման իրենց հմտությունները։
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube