Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականի հունվարի 22-ի նիստում կայացրած որոշմամբ ՀՀ-ում նոյեմբերի 4-ը սահմանվեց որպես Սոցիալական աշխատողի օր:
Սոցիալական աշխատանքն անցել է երկար ճանապարհ, որի ընթացքում պարզորոշ են դարձել դրա նպատակներն ու խնդիրները: 1988 թվականի երկրաշարժից հետո աղետյալներին հայրենակիցները ցուցաբերեցին ոչ միայն նյութական, այլև հոգեկան աջակցություն:
Այս վերջինի հիման վրա 2 տարի անց ձևավորվեց սոցիալական աշխատող հասկացությունը: Սկզբնական շրջանում նրանք համարվում էին անհատի հասարակական իրավիճակի բարելավմանը և նրա առջև ծառացած սոցիալական խնդիրների լուծմանն աջակցող գործունեությունն իրականացնողներ:
Այժմ սոցիալական աշխատողներ համարվում են այն անձինք, ում գործունեությունն ուղղված է խոցելի խմբերի խնդիրների կարգավորմանը, լուծմանը, նրանց հասարակության մեջ ինտեգրման հնարավորությունների զարգացմանն ու դրանց ընդլայնմանը: