Նոր Տարին նշվում է տարբեր ժողովուրդների կողմից ընդունված օրացույցում ընթացիկ տարվա վերջին օրվա և հաջորդ տարվա առաջին օրվա գիշերը։ Նոր տարին նշելու սովորույթը գոյություն ուներ դեռևս մ.թ.ա. 3-րդ հազարամյակում՝ Միջագետքում։
Աշխարհի երկրների մեծ մասը՝ այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը, Նոր Տարին տոնում է հունվարի 1-ին, որը, ըստ Գրիգորյան օրացույցի, տարվա առաջին օրն է։
Հայերի մեջ տարբեր ժամանակներում նոր տարին տարբեր օրացույցներով ու ժամանակամիջոցում է նշվել, բայց դրանից տոնի էությունը չի փոխվել։ Ամանորի եղևնին հայկական ծագում չունի, սակայն հայերի մոտ վաղնջական ժամանակներից ծառի պաշտամունք է եղել։ Հայ իրականության մեջ առանձնահատուկ է եղել սոսենու, ուռենու, բարդու և կաղնու պաշտամունքը, ծառ զարդարելը զուտ հայկական երևույթ է եղել և մեզ է հասել վաղնջական ժամանակներից։ Եվրոպայում ծառ և եղևնի զարդարել են միայն 16-րդ դարից։ Հնուց ի վեր հայերը եղևնու փոխարեն Ամանորին զարդարել են ձիթապտղի կամ խնկի ծառ։ Մրգերով ու չրերով զարդարված Կենաց ծառը եղել է տոնի խորհրդանիշը։
