ԳՐԱԴԱՐԱԿ ԴԵԲԵԴ
Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրում է գործում «Գրադարակ Դեբեդը», որը հանրային գրադարան լինելուց բացի կենտրոն է բնակավայրի երեխաների և երիտասրդների համար, որտեղ կազմակերպվում են միջոցառումներ՝ կինոդիտումներ, քննարկումներ, խաղեր՝ ավելի բովանդակալից ու հետաքրքիր դարձնելով գյուղաբնակ երեխաների կյանքը։
Դեբեդի գրադարանը կյանքի է կոչվել ՔՈԱՖ-ի «Գրադարակ» ՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում։ Գրադարանում առկա գրքերի թիվն անցնում է 800-ից, որոնք գյուղաբնակ երեխաներին հնարավորություն են տալիս ծանոթանալ հայ և համաշխարհային գրական ժառանգության հետ։
Գրադարանը գտնվում է Դեբեդի համայնքապետարանի 2-րդ հարկում և բաց է ամեն օր՝ ժամը 15։00-18։00, բացի կիրակի օրերից։
ԱՆԳԱՐ
«Անգարը» հրաշալի նորանարական գաղափար է մեծ և փոքր խմբերի հանգստի և զվարճանքի կազմակերպման համար։
«Անգար» հանգստի գոտին գտնվում է Փամբակ համայնքի Վահագնաձոր բնակավայրում։ Այստեղ իրականություն է դառնում միջոցառման ցանկացած գաղափար՝ անմոռանալի հարսանիքներից մինչև ծննդյան օրեր, խելահեղ համերգներից մինչև կորպորատիվ երեկոներ։ Այն հիանալի հնարավորություն է հատկապես այն միջոցառումների համար, որոնք պահանջում են անհատական մոտեցում, մեծ սրահ, ժամանակակից տեխնիկա, պրոֆեսիոնալ սպասարկում։
Իսկ Անգարի Դոմսերը կատարյալ ընտրություն են նրանց համար, ովքեր փնտրում են հարմարավետ հանգիստ բնության գրկում։ Դոմսերում դուք կգտնեք բոլոր անհրաժեշտ հարմարությունները: Բացի այդ, կարող եք ակտիվ հանգիստ անցկացնել՝ զբոսնել շրջակա միջավայրում և պարզապես վայելել բնության գեղեցկությունը։
Լոռու անզուգական բնություն, խաղաղություն, ջերմություն ու այնպիսի հարմարավետություն, որից դժվար է հրաժարվել։
Այստեղ սիրով սպասում են ձեզ՝ մեկտեղելու գեղեցիկը, վառն ու անմոռանալին։
ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺ
Փամբակ համայնքի գեղատեսիլ անտառների խորքում է թաքնված Թռչկանը։ Այն գտնվում է Անտառամուտ բնակավայրից 1,5կմ հեռավորության վրա և ցած է թափվում 7մ բարձրությունից։
Ջրվեժն իր հարակից տարածքով համայնքի բնակիչների և այցելուների սիրելի հանգստի վայրերից է։
ՑԻՑ ՔԱՐ
Փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրի տարածքում է գտնվում հայտնի Ցիցքարը։ Այն իր ողջ հմայքով վեր է խոյանում Ձորագետի կիրճում՝ Ձորագետ գետի ափին։ Տեղացիներն այն անվանել է Ցիցքար առանձնացող, դուրս ցցված բարձր քարաժայռի պատճառով։
Ժայռի դիմաց առաջին հայացքից լիճ թվացող ջրային զանգվածն իրականում փոքրիկ ջրամբար է։ Ամռանը տեղացիները և զբոսաշրջիկները կարողանում են մոտենալ ժայռին, իսկ ձմռանը և գարնանը ջրի մակարդակը բարձրանում է և Ցիցքարին հնարավոր է լինում հետևել միայն ճանապարհից։
Ձորագետն ու Ցիցքարը միասին ստեղծում են հրաշալի մի տեսարան, որը տարեցտարի ավելացնում է զբոսաշրջիկների և քայլարշավների սիրահարների հոսքը։
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube