Փամբակ համայնքի Վահագնի բնակավայրի կենտրոնական մասում է գտվում Վահագնիի Ս․ Նշան եկեղեցին։ Այն հայտնի է որպես գյուղամիջյան եկեղեցի, որովհետև անվան հետ կապված որևէ պատմական վկայություն չկա։
Ըստ բանավոր աղբյուրների՝ եկեղեցին անվանում են Սուրբ Նշան, ոմանք էլ այն անվանում են Սուրբ Սարգիս։ Եկեղեցին կառուցվել է 1806-1807 թվականներին, իսկ զանգակատունը ավելի ուշ՝ 1836 թվականին։ Գործել է մինչև 1929 թվականը։ 1988 թվական Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկեղեցին ավերվել է։ Այն վերականգնելու մի քանի փորձ արվել է, սակայն իրականացվել են միայնբարեկարգման աշխատանքներ:
>
«Քիր ու Ախպեր» ամրոցը («Աղջիկ-տղի» բերդ, «Քույր-եղբոր» բերդ) գտնվում է փամբակ համայնքի Ձորագյուղ բնակավայրում և ընդգրկված է Ձորագյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
«Քիր ու Ախպեր» ամրոցը տեղակայված է Ձորագյուղ բնակավայրից հյուսիս՝ Ձորագետի էլեկտրակայանի մոտ՝ Ձորագետի աջ և ձախ ափերին՝ 2 ժայռերի կատարների վրա։ Թեև ամրոցի կառուցումը թվագրվում է 10-13-րդ դարեր, սակայն որպես դիտակետ-ամրոց ծառայել է դեռևս հնագույն ժամանակներից։ Ամրոցի տարածքից հսկվել են կիրճի եզրերով անցնող ճանապարհներն ու գետը։ Ներկայում ամրոցը գտնվում է ավերակ վիճակում։
Ժայռերի վրա երևում են բերդապարսպի շարվածքի մնացորդներ, սակայն տեղանքը բավականաչափ ուսումնասիրված չէ։ Ամրոցի անվանման հետ կապված կա մի ավանդազրույց, որը պատմում է իշխանական ծագում ունեցող երիտասարդի և նրա քրոջ մասին, ովքեր իրենց ռազմական կարողությունները ստուգելու համար ժայռերի բարձր գագաթներին կառուցել են ամրոցներ և մենամարտել իրար հետ՝ ցուցադրելով զենքերի օգտագործման իրենց հմտությունները։
Փամբակ համայնքի Լեռնապատ բնակավայրում է գտնվում Սուրբ Հովհաննես բազիլիկ եկեղեցին։ Եկեղեցին կառուցվել է միջին դարերում և վերակառուցվել՝ 1868 թվականին։ Եկեղեցուն կից գործել է նաև ակումբ, գրադարան, ինչպես նաև՝ ծխական դպրոց։ Եկեղեցին ունեցել է մեծ գմբեթ, սակայն ԽՍՀՄ-ի տարիներին գմբեթը իջեցվել է, իսկ եկեղեցին վերածվել է պահեստի։ Եկեղեցու տարածքում եղել է հնամենի գերեզմանոց, որտեղ իրենց վերջին հանգրվանն են գտել եկեղեցու անվանի սպասավորները։
1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով հնամյա եկեղեցու պատերը խարխլվել են․ այն այժմ գտնվում է վթարային վիճակում։ Եկեղեցու բակում տեղադրված է խաչքար՝ նվիրված 1918 թվականի մայիսին թուրք հրոսակների դեմ քաջաբար կռված հաջիղարացիների (լեռնապատցիների) հիշատակին։
Մարգահովտի հենց սրտում՝ բլրի վրա է գտնվում Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եղեղեցին։ Չնայած նրան, որ եկեղեցու դիմապատի վրա կա գրառում «Շինեալ 1872 ամ»՝ եկեղեցու եռանավ բազիլիկ ոճը, պատերի մեջ տեղադրված 5-րդ դարի քարերը և փոքր խաչքարերը հնէաբաններին ենթադրել են տալիս, որ այն վաղ միջնադարյան կառույց է։ Ըստ որոշ աղբյուրների կառուցվել է 10-րդ դարում, իսկ 1872թ հիմնովին վերակառուցվել է։ Այսօր եկեղեցին, կանոնավորապես գործելով, սիրված աղոթատեղի է հավատավոր մարգահովտեցիների համար։
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube