ՄԱՐԳԱՀՈՎՏԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ
Մարգահովտի երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 2008 թվականին՝ Մարգահովտի բնակիչ Ավագ Խառատյանի նախաձեռնությամբ և անմիջական ջանքերով։ Թանգարանի ստեղծման նպատակ էր հավաքագրել, պահպանել և գալիք սերունդներին փոխանցել պատմամշակութային արժեք ներկայացնող բոլոր այն նմուշները, որոնք տարբեր ժամանակներում հայտնաբերվել են Մարգահովիտ բնակավայրի և նրա հարակից տարածքներում։
Թանգարանը համալրված է վաղ բրոնզեդարյան, բրոնզեդարյան, վաղ միջնադարյան շուրջ 1300 անուն ցուցանմուշներով, որոնց մեջ առանձնանում են տեղական մշակույթը և ավանդույթները ներկայացնող գտածոներ՝ ծիսական սափորներ, կավանոթներ, գավաթներ, քրեղաններ, կճուճներ, սափորներ, բրոնզե քերիչներ, նետասլաքներ, դաշույններ, դրամներ, աշխատանքային գործիքներ, արխիվային փաստաթղթեր և այլն։
Մարգահովտի երկրագիտական թանգարանը սերտորեն համագործակցում է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Հուշարձանների պահպանության Լոռու մարզային ծառայության հետ, ինչի արդյունքում թվագրվել և վերականգնվել են թանգարանում պահպանվող արժեքավոր նմուշները։
Մարգահովտի երկրագիտական թանգարանն այսօր հյուրընկալությամբ ընդունում է իր այցելուներին՝ կամրջելով ներկա սերունդներին բնակավայրի հազարամյա պատմության և մշակույթի հետ։
Facebook
Location on Google Maps Pambak
YouTube