Երիտասարդության միջազգային օրը երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օր է։
ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնն առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին: 1995 թվականի դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունել է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ՝ Երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը։
1998 թվականին Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովը նույնպես, կարևորելով երիտասարդության դերը, իր Երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում առաջարկել է օգոստոսի 12-ը հռչակել երիտասարդության միջազգային օր։ Իր աջակցությունը հայտնելով Լիսաբոնյան հռչակագրի առաջարկին և հիմք ընդունելով իր նախորդ որոշումները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1999 թվականի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացրել օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։
